Writing in Armenian

Poetry and translations

Օժտված մարդու բյուր ընծաները
(A Gifted Man Brings Gifts Galore | The Witcher 3: Hearts of Stone)

Ժպիտով ջինջ աղբյուրի պես
Դեպի իրեն ձգում է քեզ,
Լեզվով իր սուր կանչում է քեզ,
Ու խոստանում միշտ պաշտել քեզ։
Պարգևում է իղձեր պես-պես,
Ինչ որ ուզես ու երազես:
Ոսկի, արծաթ, բազում զարդեր,
Նվիրական երազանքներ,
Բերում է քեզ բյուր ընծաներ․․․

Բայց պարտքերը վաղ թե ուշ,
Վճարել է պետք անշուշտ։
Ու կգա նա քո հետևից,
Չի լինի նա քեզ կարեկից,
Եւ չի ժպտա նա քեզ նորից։
Աչքերը հուր՝ կրակ անշեջ,
Կգցի քեզ ծուղակի մեջ,
Կապանքներով կտանջի քեզ,
Մինչև մարեն աստղերն անվերջ։
17 մայիս 2021

Դժվար ժամանակներ

Խառնվել են հինն ու նորը,
Կարծես հագել են նույն շորը։
Եղբյարն է ուրանում եղբորը,
Դեմ է ելել հորն ու մորը։
Ո՞ւր կորավ մեր անդորրը։

Ո՞ւր մնաց մեր միակ ճիշտը,
Մեկն ագահ է, մյուսն անկուշտ է,
Երրորդն էլ նրանց հետ հաշտ է։
Թվում է՝ չորրորդին հեշտ է․
Տանում է լուռ նա իր վիշտը։

Ո՞վ ցույց կտա մեզ ելքը։
Մեկը խոստացավ մեր վերելքը,
Բայց երգում է միշտ հին երգը։
Մյուսը, քամելով մեր բաց վերքը,
Դեռ թափ է տալիս իր ձեռքը։

Դժվար են այս ժամանակները։
Հեշտ է մեղավորներ փնտրելը
Ու անիմաստ շաղակրատելը։
Թե հեշտ լիներ խոհեմ լինելը,
Դժվար չէին լինի ժամանակները․․․
26 նոյեմբեր 2020


Վշտի օրորոցային
(Lullaby of woe | The Witcher 3: Blood and Wine)

Գայլերը քնած են անտառում,
Չղջիկներն են ճոճվում օդում,
Միայն մի հոգի պառկած է արթուն,
Արյունռուշտ չարքերից է վախենում:

Փոքրիկ Փոլլին չի քնում,
Վախից դողում է անկողնում:
Կախարդը՝ անսիրտ ու չար,
Մի քսակ ոսկու համար,
Կգա, կավերի, ոչինչ չի թողնի,
Միայն կսկիծ ու վիշտ,
Խոր, խոր վիշտ...

Թռչունները լուռ են գիշերում,
Թաքնվում են, երբ օրն է մեռնում,
Միայն մի հոգի պառկած է արթուն,
Արյունռուշտ չարքերից է վախենում:

Իմ փոքրի՛կ Փոլլի, աչուկներդ փակի՛ր,
Պառկի՛ր հանգիստ, ձայն մի՛ հանիր:
Կախարդը՝ քաջ ու խիզախ,
Ոսկին ձեռքին, ինքն անվախ,
Քեզ կմորթի, կմասնատի,
Կպատառոտի, կքառատի,
Ամբողջությամբ քեզ կուտի...
Քեզ կուտի...
14 մարտ 2017